
Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ Մանասյան
Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված «Արևային զանգակներ և ընկերներ» դասական համերգին։
Համերգի ընթացքում «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության սաները ներկայացրել են երաժշտական կատարումներ՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։
Տեղի են ունեցել նաև «Արևային աչքեր» և «Հայրեր» լուսանկարչական ցուցահանդեսները, ինչպես նաև «Մի հրաժարվիր քո Արևից» և «Տարբեր լինելը թերություն չէ» սոցիալական տեսահոլովակների պրեմիերան։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, մասնավորապես, «Արև-երեխաներ» ՀԿ հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նվիրումով իրականացվող այս առաքելությունը մարդկանց կյանքեր է փոխում ու կարևոր ներդրում ունենում ներառական հասարակության ձևավորման գործում։
«Աշխարհն այսօր շատ աղմկոտ է, և դա երբեմն հանգեցնում է նրան, որ իրական արժեքները երբեմն աննկատ են մնում: Այդպիսի կարևոր արժեք ու գաղափար է այն, որ բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ, տարբերություններ, ու հենց դրանով էլ աշխարհը կատարյալ է դառնում: Պետք է նկատի ունենանք, որ ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում։ Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի վարքագիծը լինի այնպիսին, որ ոչ թե պարզապես խոսքերով, այլ իրական գործողություններով նպաստենք հավասար և համերաշխ միջավայրի ձևավորմանը։ Թող այս խորհրդանշական օրը դառնա ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն», - նշել է Պաշտպանը։
Վերջին նորությունները

Կարծրատիպերի հաղթահարումը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոն։

Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։

Շարունակվում է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։

Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։












