
Շարունակվում է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։
Նախագծի երկրորդ մասնակիցը Տիգրան Գևորգյանն է, ով ակտիվորեն ներգրավված է տարբեր նախաձեռնություններում, հետաքրքրված է ընտրական իրավունքի իրացմանն առնչվող հարցերով, բարձրացնում է դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին և խնդիրներին առնչվող հարցերը և իր օրինակով նպաստում է ներառական ու իրազեկ հասարակության ձևավորմանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ Տիգրանը ծանոթացել է տարբեր նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցության շնորհիվ: Տիգրանը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ անմիջականորեն ծանոթանալով իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատանքներին։
Եթե երիտասարդ ես, վստահ ես, որ ուզում ես պատասխանատվություն ստանձնել հասարակությունում առկա մարտահրավերները բարձրաձայնելու և հաղթահարելու գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Մասնակիցները հնարավորություն են ունենալու անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ներգրավվելու աշխատանքային գործընթացներում, բարձրաձայնելու իրավունքներին առնչվող` մեր միջավայրում առկա խնդիրները և առաջարկելու դրանց համար լուծումներ։ Սա նաև հարթակ է՝ զարգացնելու իրավական գիտելիքները, ձեռք բերելու նոր փորձառություն և դառնալու ավելի ակտիվ ու իրազեկ քաղաքացի։
Ուղարկիր ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ և պատմիր քո մասին՝ նշելով թե ինչո՞ւ հենց դու պետք է լինես նախագծի հաջորդ մասնակիցը։
Քո պատմությունն ուղարկիր՝ youthvoice@ombuds.am հասցեին:
Վերջին նորությունները

Կարծրատիպերի հաղթահարումը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոն։

Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։

Շարունակվում է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։

Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։


