
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի կրթական հաստատություններ
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի միջնակարգ դպրոց և համայնքային մանկապարտեզ։
Այցի ընթացքում Պաշտպանը ներկա է գտնվել համայնքային մանկապարտեզում մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ հանդես գալով բացման խոսքով։ Նա ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության և վաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորման կարևորությունը՝ նշելով, որ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա ապահով, հոգատար, անվտանգ և արժանապատիվ միջավայրում։
Այցի շրջանակում մանկապարտեզում հանդիպումներ են անցկացվել նաև ծնողների հետ, այդ թվում՝ եզդիական համայնքը ներկայացնող։ Քննարկվել են երեխաների կրթության, իրավունքների պաշտպանության և համայնքում առկա խնդիրների հաղթահարման ուղիները։
Մեծամոր համայնքի Զարթոնքի միջնակարգ դպրոցում Պաշտպանը, տնօրենի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, իրականացրել է շրջայց՝ տեղում ծանոթանալով կրթական հաստատության պայմաններին, անձնակազմի աշխատանքային միջավայրին և ուսումնական գործընթացի ընթացքին։
Այցի շրջանակում կազմակերպվել է հանդիպում աշակերտների հետ։ Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների դերը երիտասարդների իրավագիտակցության բարձրացման գործում՝ ընդգծելով հանդուրժողականության, մարդու արժանապատվության պաշտպանության և յուրաքանչյուր անձի՝ որպես բարձրագույն արժեքի ընկալման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր թեմաների՝ իրավահավասարություն և խտրականության դեմ պայքար, մարդու իրավունքների կրթություն, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, ընտանեկան բռնության կանխարգելում, խոսքի ազատություն և այլն։ Այս համատեքստում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները։
Հանդիպումն առանձնացել է բաց և ակտիվ երկխոսությամբ։ Աշակերտները բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Մասնավորապես, դպրոցական միջավայրի անվտանգության համատեքստում անդրադարձ է կատարվել բուլինգի խնդրին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այն շարունակում է մնալ տարածված երևույթ և պետք է արժանանա պատշաճ արձագանքի։
Պաշտպանը կարևորել է արձագանքող և աջակցող միջավայրի ձևավորումը, ինչպես նաև ուսուցիչների, ծնողների, պետական կառույցների և բոլոր դերակատարների համատեղ աշխատանքը՝ կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում։
Հանդիպմանը մասնակցած եզդիական համայնքի ներկայացուցիչ աշակերտները բարձրաձայնել են իրենց համայնքին առնչվող տարատեսակ հարցեր։ Պաշտպանն ընդգծել է, որ վաղ և հարկադիր ամուսնությունները, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալը հակասում են մարդու իրավունքներին և չեն կարող դիտվել որպես ընդունելի պրակտիկա՝ կարևորելով կրթության և իրազեկման դերը նման երևույթների կանխարգելման գործում։
Ամփոփելով այցը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը սեփական համայնքում դրական փոփոխությունների իրականացման գործում՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում գնահատել իրավիճակը և խթանել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը։
Վերջին նորությունները

Կարծրատիպերի հաղթահարումը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոն։

Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։

Շարունակվում է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։

Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։











