
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում». Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկում է նոր նախագիծ
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում». Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկում է նոր նախագիծ, որի գլխավոր նպատակն է լսելի դարձնել երիտասարդների ձայնը և նրանց հետ համատեղ հաղթահարել իրավունքների ոլորտին առնչվող մարտահրավերները։
Համարձակ ու մարդու իրավունքներով հետաքրքրված, նոր փոփոխությունների համար բաց և դրանց ուղղությամբ աշխատող. այսպիսին է նախագծի առաջին մասնակիցը` եզդիական համայնքը ներկայացնող, դպրոցական Քրիստինա Հասոյանը Արմավիրի մարզից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Քրիստինային հանդիպել է հերթական մարզային այցի շրջանակներում՝ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում: Հանդիպման ընթացքում Քրիստինային հետաքրքրող հարցը վերաբերում էր իր համայնքում փոփոխություններ բերելու հնարավորություններին, մասնավորապես, աղջիկների կրթության իրավունքի երաշխավորմանը, այդ առումով առկա խոչընդոտների հաղթահարմանը, վաղ և հարկադիր ամուսնությունների կանխարգելմանը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը վստահ է` մեր միջավայրում փոփոխությունները հնարավոր են` յուրաքանչյուրիս ակտիվ ներգրավմամբ ու այնպիսի խնդիրների բարձրաձայնման համարձակությամբ, որոնք շոշափելու համար հիրավի անհրաժեշտ է խիզախություն:
Այս հանգամանքները նկատի ունենալով է Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել Քրիստինայի ներգրավումը նախագծի շրջանակներում:
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը լինելու է շարունակական։
Եթե երիտասարդ ես՝ աշակերտ կամ ուսանող, և վստահ ես, որ ուզում ես պատասխանատվություն ստանձնել հասարակությունում առկա մարտահրավերները բարձրաձայնելու և հաղթահարելու գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Մասնակիցները հնարավորություն են ունենալու անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ներգրավվելու աշխատանքային գործընթացներում, բարձրաձայնելու իրավունքներին առնչվող` մեր միջավայրում առկա խնդիրները և առաջարկելու դրանց համար լուծումներ։ Սա նաև հարթակ է՝ զարգացնելու իրավական գիտելիքները, ձեռք բերելու նոր փորձառություն և դառնալու ավելի ակտիվ ու իրազեկ քաղաքացի։
Ուղարկիր մոտիվացիոն նամակ և պատմիր քո մասին՝ նշելով թե ինչո՞ւ հենց դու պետք է լինես նախագծի հաջորդ մասնակիցը։ Նամակների ուսումնասիրությունից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Քո պատմությունն ուղարկիր՝ youthvoice@ombuds.am հասցեին:
Վերջին նորությունները

Կարծրատիպերի հաղթահարումը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոն։

Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։

Շարունակվում է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։

Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։


