
Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» հասարակական կազմակերպություն․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները
Մայիսի 6-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն, հանդիպել շահառուների և կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սոցիալական ներառման ապահովման, կրթության իրավունքի իրացման համատեքստում խելամիտ հարմարեցումների տրամադրման, զբաղվածության հնարավորությունների երաշխավորման կարևորությանը, առողջապահական ծառայությունների, ինչպես նաև համայնքային և հանրային ենթակառուցվածքների մատչելիությանն առնչվող հարցերին։
Մասնակիցները բարձրացրել են ֆիզիկական միջավայրի՝ ներառյալ տրանսպորտի մատչելիության, բժշկական, կրթական, մասնագիտական, սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովման, ինչպես նաև զբաղվածության և անկախ ապրելու իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերի հասանելիության խնդիրները՝ կապված անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ֆունկցիոնալության գնահատում անցնելու պարտադիր պահանջի կիրառման հետ։
Քննարկվել են նաև տեղեկատվական համակարգերում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բացակայության հետ կապված հարցերը և դեպքերը։
Բարձրացվել է բուժաշխատողների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության և վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության հարցը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման գործիքակազմը՝ ընդգծելով այդ գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածության կարևորությունը։
Պաշտպանը նշել է, որ ոլորտը հաստատության առաջնահերթություններից է։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն նրանց անմիջական ներգրավվածության և կարիքների լիարժեք գնահատման պայմաններում։ Մեր առաջնահերթություններից է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր մարդ, անկախ իր առանձնահատկություններից, ունենա հավասար հնարավորություններ և արժանապատիվ կյանքի պայմաններ»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը կարևորել է նաև կրթության ոլորտում, մասնավորապես մարդու իրավունքների կրթության համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մատչելիության ապահովման ուղղությամբ շարունակական և նպատակային պետական քաղաքականության իրականացումը։
«Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին՝ ընդգծելով հաստատության հետ համագործակցության կարևորությունը և գնահատելով անկախ ու ապաքաղաքական մարմնի դերը ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը՝ ընդգծելով վերջինիս կողմից բարձր մասնագիտական և էթիկական չափանիշների պահպանումն ու արդյունավետությունը։ Նա ընդգծել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում և կարևորել շարունակական համագործակցությունը։
Պաշտպանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրներն ամփոփվում են` դրանց լուծումներ գտնելու նպատակով։
Վերջին նորությունները

Կարծրատիպերի հաղթահարումը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոն։

Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։

Շարունակվում է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։

Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։








