
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 11-ին այցելել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն։
Կենտրոնի համակարգող Սոնա Խաչիկյանը Պաշտպանին ներկայացրել է կենտրոնի գործունեության պատմությունը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև սաների առօրյան, կրթական և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում կենտրոնի սաների և նրանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, մարդու իրավունքների մշակույթի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու լիազորությունների շրջանակը։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է նմանօրինակ անմիջական շփումները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը սկսվում է մարդու արժանապատվության, հավասարության և հանդուրժողականության գաղափարների արժևորմամբ։
«Առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ և կայուն համակարգ։ Ցանկացած բնագավառում գործունեության տեսանկյունից առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը»,- նշել է Պաշտպանը։
Պաշտպանը երեխաներին և երիտասարդներին ներկայացրել է իր գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է երեխաների և երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ անդրադառնալով նաև ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը և «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախաձեռնությանը։
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետությունը պայմանավորված է նաև երիտասարդների ակտիվ, պատասխանատու և գիտակից մասնակցությամբ։ Կարևոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա և երիտասարդ հնարավորություն կունենա լիարժեք իրացնելու իր իրավունքները, արտահայտելու իր կարծիքը և մասնակցելու հանրային կյանքին վերաբերող որոշումների կայացման գործընթացներին»,- ընդգծել է Պաշտպանը։
Այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է շրջայց կենտրոնի տարածքով, ծանոթացել նաև անձնակազմի աշխատանքային պայմաններին:
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:
Վերջին նորությունները

Կարծրատիպերի հաղթահարումը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոն։

Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։

Շարունակվում է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։

Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։












