
Անահիտ Մանասյանը հյուրընկալել է Արարատի մարզի Դիմիտրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին
Դեկտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է Արարատի մարզի Դիմիտրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Այցը կրում էր ճանաչողական բնույթ։
Ողջունելով հյուրերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքները և դրանց պաշտպանության ազգային կառուցակարգերը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անկախ և ապաքաղաքական կառույց է, որի հիմնական գործառույթներն են մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ կարևորել է մարդու իրավունքների ոլորտում պատշաճ կրթության դերը։
«Շատ կարևոր է, որ դպրոցականները հետաքրքրված են մարդու իրավունքների ոլորտով։ Մարդու իրավունքները մեր կյանքի մասին են և մեր կյանքի անբաժանելի մասն են՝ արժեքների և արժեբանության տեսանկյունից։ Առանց մարդու իրավունքների պատշաճ կրթության հնարավոր չէ ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ։ Իրավունքների վերաբերյալ բավարար իրազեկվածությունն է նպաստում հանդուրժող և ոչ խտրական միջավայրի ձևավորմանը»,– նշել է Անահիտ Մանասյանը։
Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու պատասխաններ անմիջապես Մարդու իրավունքների պաշտպանից։
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության և բովանդակալից քննարկման համար՝ կարևորելով նման ձևաչափի հանդիպումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման համատեղ ուղիների մշակման տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։
Վերջին նորությունները

Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին



















