Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը ձևավորվել է 2022 թվականին՝ Պաշտպանի որոշմամբ։
Խորհրդի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին։
Խորհուրդը ձևավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից:
Խորհուրդը նպաստում է Պաշտպանի և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցության ամրապնդմանը։ Այն ուղղված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վիճակի շարունակական բարելավմանը՝ ներառյալ ոլորտում հետազոտությունների, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը, համակարգային խնդիրների բացահայտումը, ինչպես նաև դրանց հիման վրա Պաշտպանին համապատասխան առաջարկությունների ներկայացումը։
Պաշտպանին առընթեր Խորհրդում քննարկման առարկա են հանդիսանում՝
• հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները,
• կրթության, առողջապահության, զբաղվածության, սոցիալական պաշտպանության ոլորտներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությանն առնչվող հարցեր,
• խտրականության և մեկուսացման կանխարգելմանն ուղղված միջոցառումները,
• հաշմանդամություն ունեցող անձանց՝ ներպետական և միջազգային հարթակներում իրականացվող քննարկումներին, միջոցառումներին և նախաձեռնություններին մասնակցության խթանումը,
• քաղաքական և հասարակական կյանքին մասնակցությանն առնչվող հարցեր,
• ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում հանրային կարևորություն ունեցող այլ հարցեր։
Խորհուրդը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց ձայնի լսելիության ապահովմանը, նրանց մասնակցության խթանմանը և հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների զարգացմանը։


