Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը ձևավորվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին՝ Պաշտպանի որոշմամբ։
Խորհրդի հիմնական նպատակն է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին։
Պաշտպանին առընթեր խորհրդում քննարկման առարկա են հանդիսանում՝
• համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունման կամ կատարելագործմանն ուղղված աշխատանքները,
• ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը և խթանմանը նպաստող միջավայրի ստեղծման վերաբերյալ հարցերը,
• ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների վիճակի անընդհատ բարելավումը, ներառյալ՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտությունների, ուսումնասիրությունների կամ վերլուծությունների իրականացումը, համակարգային խնդիրների վերհանումը և դրանց հիման վրա Պաշտպանին առաջարկներ ներկայացնելը,
• ոլորտի շարունակական զարգացման և ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ իրացման համար ոլորտին վերաբերելի միջազգային իրավական փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանության ուսումնասիրությունը և մշտադիտարկումը։
Խորհուրդը ձևավորվում է 21 տարին լրացած անձանցից՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Խորհրդի անկախ մասնագետ անդամի ընդգրկման հարցը լուծելիս նախապատվությունը տրվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձանց:


