Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը ձևավորվել է 2019 թվականի ապրիլի 11-ին՝ Պաշտպանի որոշմամբ։ Խորհրդի հիմնական նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանին՝ զինված ուժերում և այլ զորքերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ զինծառայողների, զինապարտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ապահովման գործընթացում։
Խորհուրդը ձևավորվում է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ փորձագետներից։ Նրանց շարքում են զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի, սոցիոլոգի կամ տվյալ ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք: Պաշտպանը կարող է խորհրդի կազմում ընդգրկել նաև գործող զինծառայողների, պահեստազորում հաշվառված անձանց կամ նրանց ընտանիքների անդամների։
Պաշտպանին առընթեր խորհրդում քննարկման առարկա են հանդիսանում՝
● զինծառայողների իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները և զեկույցները,
● ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանց վերաբերյալ առաջարկությունները,
● միջազգային և հասարակական կազմակերպությունների զեկույցները,
● ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա համակարգային և հանրային կարևորություն ունեցող խնդիրները։
Խորհուրդը նաև անդրադառնում է զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալ-հոգեբանական և իրավական աջակցություն տրամադրելու հարցերին։


