Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործում է Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը, որի նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել Պաշտպանին` կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով պայմանավորված լիազորությունների իրականացման ընթացքում։ Խորհրդում կարող են քննարկվել ազատությունից զրկման վայրերի կամ այդ վայրերում պահվող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները և զեկույցները, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը և համապատասխան առաջարկությունները, միջազգային և հասարակական կազմակերպությունների զեկույցները, ինչպես նաև խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում առկա համակարգային և հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:
Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարվա ընթացքում առնվազն երկու անգամ: Խորհրդի անդամների երկու երրորդի նախաձեռնությամբ և առաջարկով՝ ելնելով ոլորտում առկա խնդիրների լուծման հրատապության անհրաժեշտությունից, խորհուրդն իրավասու է գումարել արտահերթ նիստ։


